Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբեր ամիսը հարուստ է խաղացանկային ներկայացումներով: Թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 7-ին կներկայացվի Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան, որը այս թատերաշրջանի պրեմիերա է և արդեն մեծ խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից: Գլխավոր դերերում հանդես կգան Ինգա Կարապետյանցը (Կարմեն), Հովհաննես Այվազյանը (Խոսե), ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը (Էսկամիլիո), ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Բադալյանը (Միկայելա), Արծվիկ Դեմուրչյանը (Ֆրասկիտա): Ներկայացման բեմադրիչն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը: